Ադրբեջանը թույլ չի տվել Աֆղանստանից Հայաստան թռչող ՆԱՏՕ-ի ինքնաթիռին մտնել իր օդային տարածք
Ադրբեջանը թույլ չի տվել Աֆղանստանից Հայաստան թռչող գերմանական ինքնաթիռին մտնել իր օդային տարածք: Բանն այն է, որ ինքնաթիռը Երեւան էր տեղափոխում Աֆղանստանի Կունդուզի նահանգում գերմանական հրամանատարության ներքո իրենց ծառայությունը ավարտած հայ խաղաղապահների հերթափոխը:
ՀՀ պաշտպանության նախարարությունում NEWS.am-ի աղբյուրները հայտնում են, որ ինքնաթիռը պետք է Երեւանում վայրեջք կատարեր օգոստոսի 18-ին` երեկոյան ժամը 20:30-ին, սակայն այն Երեւանի փոխարեն ուղեւորվել է գերմանական Քյոլն քաղաք, որտեղից նոր մեր խաղաղապահները կուղեւորվեն Հայաստան:
Նշենք, որ դա ՆԱՏՕ-ի՝ Աֆղանստանում միջազգային ուժերի գործողությունների համար փոխադրումներ կատարող մարդատար ինքնաթիռն է:
Այս միջադեպը, ՀՀ ՊՆ-ում գնահատել են որպես Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի մատակարարման գործընթացը խոչընդոտելու, նաեւ դեպի Աֆղանստան փոխադրումների համար ՀՀ օդային տարածքի եւ օդանավակայանների օգտագործման հնարավորությունները սահմանափակելու փորձ։ Ներկայումս հայկական կողմը քննարկում է համարժեք քայլերի դիմելու, մասնավորապես, Բաքվում վայրէջք կատարող ռազմական նշանակության բեռներ տեղափոխող ինքնաթիռներին ՀՀ օդային տարածքի օգտագործման թույլտվություն չտալու հարցը:
Նկատենք, որ մինչ օրս Հայաստանը որեւէ կերպ չի խոչընդոտել Թուրքիայից Ադրբեջան, ինչպես նաեւ Ադրբեջանից Աֆղանստան մեկնող եւ վերադարձող ինքնաթիռների չվերթները:
աղբյուր` News.am


